«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները` հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները` հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ

2021 Ապր 12, Երկուշաբթի

Երեխաներն առողջ ամուսնության գագաթնակետն են։
 (ՌՈՒԴՈԼՖ ՆՈՅԲԵՐՏ)

Սեռավարակների ի՞նչ տեսակներ կան և որքանո՞վ են վտանգավոր կանանց համար:

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (ՍՃՓՀ) շատ տարբեր են. դրանցից են՝ խլամիդիոզը, սեռական հերպեսը, սիֆիլիսը, ուրոգենիտալ տրիխոմոնիազը, հոնորեան, ուրեապլազմոզը, միկոպլազմոզը, մարդու պապիլոմավիրուսը, կանդիդոզը, ցիտոմեգալովիրուսը և այլն:

Սեռավարակները կարող են անպտղության պատճառ լինել, նաև առաջացնել հղիության տարբեր բարդություններ: Չհայտնաբերված կամ ժամանակին չբուժված ՍՃՓՀ-ները կարող են առաջացնել վիժում, վաղաժամ ծննդաբերություն, պտղի ներարգանդային վարակում:

Ի՞նչ ախտանշաններով են արտահայտվում սեռավարակները:

Խլամիդիոզը հաճախ ընթանում է առանց ախտանշանների: Այն կարող է վիժման պատճառ լինել, առաջացնել ընկերքի և պտղաթաղանթների զարգացման ախտահարում՝ վնասելով պտղի ներքին օրգանները:

Սեռական հերպեսը մեծ վտանգը ներկայացնում է այն ժամանակ, երբ առաջնային վարակը լինում է հղիության ընթացքում։ Այս դեպքում մեծ է պտղի հերպեսով վարակվածության հավանականությունը՝ ներարգանդային կյանքում կամ ծննդաբերության ընթացքում, մոր ծննդաբերական ուղիներով անցնելիս։:

Եթե կնոջ մոտ սիֆիլիսը ախտորոշվում է հղիության ընթացքում, կարող է առաջացնել ուշ վիժում՝ սովորաբար 12-16 շաբաթների ընթացքում, մեռելածնություն, վաղաժամ ծննդաբերություն, ներարգանդային կյանքում սիֆիլիսով վարակված երեխաների ծնունդ: Մոր և երեխայի համար հիվանդության լուրջ հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին իրականացնել լիարժեք բուժում: Սիֆիլիսի բուժման ժամանակակից մեթոդները մեծ հավանականությամբ կանխում են երեխայի բնածին սիֆիլիսը:

Ուրոգենիտալ տրիխոմոնիազը մեծացնում է վիժման վտանգը: Հնարավոր է նաև, որ երեխան` ծննդաբերական ուղիներով անցնելիս, վարակվի տրիխոմոնիազով:

Հոնորեան վտանգավոր է, հիմնականում, հղիության սկզբում: Այն կարող է առաջացնել վիժում, չզարգացող հղիություն։

Ուրեապլազմոզը և միկոպլազմոզը պտղի վրա տերատոգեն ազդեցություն չունեն, այնուամենայնիվ, դրանք հղիության փոքր ժամկետներում հաճախ առաջացնում են վիժում կամ վաղաժամ ծննդաբերություն։

Մարդու պապիլոմավիրուսը (HPV) օրգանիզմում չի նվազեցնում հաջող բեղմնավորումը, չի վտանգում նորմալ հղիության և բնական ծննդաբերության ընթացքը, չի առաջացնում նաև պտղի արատներ և չի մեծացնում վաղաժամ ծննդաբերության վտանգը: Սակայն, ուռուցքային բարձր ռիսկի HPV-ի առկայության դեպքում, անհրաժեշտ է հղիության պլանավորման փուլում անցկացնել արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտություն (նորմալ արդյունքների դեպքում հղիությունը հակացուցված չէ): Եթե հայտնաբերվեն արգանդի պարանոցի անցանկալի փոփոխություններ, գինեկոլոգը կարող է խորհուրդ տալ նախ` բուժում անցնել, իսկ հետո` սկսել հղիության պլանավորումը:

Կանդիդոզն ամենատարածված հիվանդությունն է, որը հանդիպում է հղիության ընթացքում: Հղիների մոտ կանդիդոզի կրկնության հաճախականությունը 2-3 անգամ հաճախ է, քան ոչ հղի կանանց մոտ: Այս հիվանդությունը չի կարելի անվնաս համարել, քանի որ առկա է պտղին անցնելու վտանգ ո՛չ միայն ծննդաբերության, այլ նաև` հղիության ընթացքում: Կանդիդայի սնկերը կարող են վնասել նորածնի մաշկը, լորձաթաղանթները, թոքերը և այլ ներքին օրգաններ։

Ցիտոմեգալովիրուսը (CMV) բնածին վիրուսային վարակի առավել հաճախ հանդիպող պատճառ է։ Վիրուսը հիվանդացության զգալի պատճառներից է հատկապես ախտանշաններ ունեցող նորածինների մոտ, ինչը նաև նեյրոսենսոր ծանրալսության ոչ գենետիկ հիմնական պատճառ է, ինչպես նաև նյարդաբանական խանգարումների զգալի պատճառներից է։

B խմբի streptococcus-ը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն չէ, բայց պատկանում է օրգանիզմի պայմանական ախտածին միկրոֆլորային: Այնուամենայնիվ, այս հարուցչի հետազոտությունը կարևոր է հղիության պլանավորման և ծննդաբերության նախապատրաստման համար: B խմբի streptococcus-ի պատճառած հիվանդությունների շրջանակը շատ լայն է: Այն տատանվում է սեպտիկ վիժումից մինչև նորածնային սեպսիս, և հաճախ վաղաժամ ծննդաբերության և նորածնի ծանր թոքաբորբի պատճառ է։

Սեռավարակների ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ կան:

Հղիության պլանավորման փուլում ամուսնական զույգը պետք է հետազոտվի ՍՃՓՀ-ների առկայության նկատմամբ: Վարակ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անցկացնել համատեղ բուժում, խուսափել պատահական սեռական հարաբերություններից, օգտագործել հակաբեղմնավորիչների հուսալի մեթոդներ, հղիության ընթացքում սեռական ակտի ժամանակ կիրառել պահպանակ` որպես պաշտպանիչ ամենահուսալի միջոց, հղիության հսկողության ընթացքում անցնել սեռավարակների հետազոտություն՝ բժշկի կողմից առաջարկվող ժամկետում։ ՍՃՓՀ հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է խստիվ կատարել բժշկի կողմից նշանակված բուժումը։

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը